Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ֆրանցիսկոս պապ. Մեր առաջնահերթությունը պետք է լինի մարդը

Ֆրանցիսկոս պապ. Մեր առաջնահերթությունը պետք է լինի մարդը
01.10.2016 | 10:28

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Թբիլիսիում կոչ արեց հարգել միջազգային օրենքն ու ժողովուրդների ինքնիշխանության իրավունքը՝ ենթադրաբար անդրադառնալով Հարավային Օսիայի և Աբխազիայի հակամարտությանը: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որևէ հասցեական հայտարարություն չարեց Ռուսաստանի վերաբերյալ, թերևս՝ կասկածի տակ չդնելու Ռուս ուղղափառ եկեղեցու հետ Վատիկանի ջերմացող հարաբերությունները:

«Տարածաշրջանի բոլոր ժողովուրդների և պետությունների խաղաղ գոյակցությունը պարտադիր պայման է իրական ու տևական առաջընթացի համար: Սակայն պետությունները երբևէ չպետք է անտեսեն մյուսի ինքնիշխանության իրավունքը՝ միջազգային օրենքի շրջանակներում: Դեպի տևական խաղաղություն և իրական համագործակցություն տանող ճանապարհը կռելու համար մենք պետք է հիշենք այդ սկզբունքները: Մեր առաջնահերթությունը պետք է լինի մարդը, ամեն ինչ պետք է արվի բռնություններից խուսափելու համար, և յուրաքանչյուրին պետք է հնարավորություն տրվի իր հայրենիքում խաղաղ ապրելու կամ ազատորեն իր հայրենի տուն վերադառնալու», - ասաց Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը:


Հռոմի Պապից առաջ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իր ելույթում մի քանի անգամ նշեեց ռուսաստանյան ագրեսիայի ու օկուպացիայի մասին, ընդգծելով, որ Թբիլիսին նախընտրում է խնդիրը կարգավորել առանց հակամարտության: «Վրաստանը ոչ միայն եվրոպական քաղաքակրթության մի մասն է, այլև դրա ճարտարապետներից մեկն ու կամուրջ տարբեր մշակույթների համար: Մենք միաժամանակ մեկ այլ պետության կողմից իրագործված ագրեսիայի զոհն ենք, մեր տարածքի 25 տոկոսը գրավված է, բնակչության մոտ 30 տոկոսը դարձել է փախստական: Այսքանով հանդերձ, մենք պատերազմը հնարավոր լուծում չենք համարում, մարդ էակը չպետք է տառապի քաղաքական շարժառիթների պատճառով: Մենք՝ քաղաքական գործիչներս, առանձնահատուկ առաքելություն ունենք ժողովրդի ու Աստծո առաջ և պարտավոր ենք ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ ապրեն արժանավայել», - հայտարարեց Վրաստանի նախագահը:


Աբխազիայի ու Հարավային Օսիայի մասին խոսեց նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդը, սակայն նրա հետ ավելի քան մեկ ժամ շարունակված հանդիպմանը ևս Հռոմի Պապը չօգտագործեց օկուպացիա բառը՝ կոչ անելով տարաձայնությունները հարթել սիրո ու խաղաղության օգնությամբ:


Ֆրանցիսկոս Պապի օրոք կաթոլիկ եկեղեցին հետևողականորեն փորձում է ամրապնդել կապերը ուղղափառների հետ, ինչն ակնհայտորեն առայժմ ստացվում է ռուսների, բայց ոչ վրացիների դեպքում: «Վրաց ուղղափառ եկեղեցին շարունակում է մնալ ամենապահպանողականներից մեկը՝ մերժելով երկխոսությունը Վատիկանի հետ», - փաստում է Reuters լրատվական գործակալությունը: Այսօր եկեղեցու՝ առավել ծայրահեղական հայացքներ ունեցող մի քանի տասնյակ հետևորդներ բողոքի ցույց էին կազմակերպել օդանավակայանում՝ «Վատիկանը հոգևոր ագրեսոր է», «Հերետիկոս Պապ, քո այցը ուղղափառ Վրաստան ողջունելի չէ» կարգախոսներով: Չնայած ցույցին՝ Պապը երախտագիտություն հայտնեց Պատրիարք Իլյա երկրորդին՝ ջերմ ընդունելության համար:


Ավելի ուշ՝ օրվա երկրորդ կեսին, Հռոմի Պապը հանդիպեց Վրաստանի կրոնական փոքրամասնությունների՝ քաղդեական և կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների հետ: Ֆրանցիսկոս Պապին տեսնելու համար քաղդեացվոց թեմերի առաջնորդները աշխարհի տարբեր ծայրերից ժամանել են Թբիլիսի՝ իրենց Պատրիարքի՝ Իրաքի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Լուիս Ռաֆայել Սաքոյի գլխավորությամբ: Հենց նրանց հետ Պապը աղոթեց Սիրիայում և Իրաքում հալածանքների ենթարկվող քրիստոնյաների համար: Օրեր առաջ անդրադառնալով Սիրիայում շարունակվող պատերազմին՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետն ասել էր՝ նրանք, որ մեղավոր են Հալեպի ռմբակոծման համար, պատասխան են տալու Աստծո առաջ, և կոչ էր արել կառավարություններին մի կողմ դնել սեփական շահերը առավել մեծ նպատակի՝ խաղաղության հասնելու համար:


Ֆրանցիսկոս պապը պատարագ կմատուցի Թբիլիսիի՝ Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում, որը նախատեսված է ավելի քան 27 հազար մարդու համար, ապա կմեկնի Վրաստանի հնամենի հոգևոր կենտրոններից մեկը՝ Մցխեթիի Սվետիցխովելի մայր տաճար, որտեղ, ըստ ավանդության, թաղված են մասունքներ Քրիստոսի հագուստից:


Երկօրյա հանդիպումներից հետո՝ շաբաթ երեկոյան, Պապը կմեկնի Բաքու, որտեղ ակնկալվում է՝ կանդրադառնա նաև ղարաբաղյան խնդրին և ինչպես Երևանում՝ Բաքվում էլ հաշտության կոչ կանի հակամարտող կողմերին:

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ